Աղբիւր՝ www.yerkir.am
2015 թուականի մարտի 27-ին Ժնեւում Մ.Ա.Կ.-ի Մարդու իրաւունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունուել է Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանութեան կանխարգելման վերաբերեալ բանաձեւը («Prevention of genocide»): Այս մասին տեղեկացնում է Հ.Հ.-ի Արտաքին գործերի նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժինը։
Հայաստանին են միացել եւ բանաձեւը համահեղինակել 64 պետութիւն, որոնք ներկայացնում են Մարդու իրաւունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձեւը համահեղինակելու համար բաց կը մնայ դեռեւս երկու շաբաթ:
Բանաձեւը վերահաստատում է, որ ցեղասպանութեան եւ մարդկութեան դէմ ոճրագործութիւնների անպատժելիութիւնը խրախուսում է նման յանցագործութիւնների կրկնութիւնը եւ լուրջ խոչընդոտ է հանդիսանում միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովման ուղղութեամբ ժողովուրդների համգործակցութեան համար եւ ընդգծում է անպատժելիութեան դէմ պայքարը՝ որպէս կանխարգելման կարեւոր գործիք:
Հայաստանի նախաձեռնած բանաձեւում ընդգծւում է, որ ցեղասպանութեան յանցագործութեան ժխտման եւ արդարացման փորձերը վտանգում են անպատժելիութեան դէմ պայքարը, խոչընդոտում են ցեղասպանութեան կանխարգելմանն ուղղուած ջանքերին:
Բանաձեւում վերահաստատւում է Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմների կարեւորութիւնը` հրաւիրելով պետութիւններին իրենց ազգային զեկոյցներում ներկայացնելու տեղեկատուութիւն ցեղասպանութեան եւ այլ զանգուածային ոճրագործութիւնների կանխարգելման ուղղութեամբ ձեռնարկուած քայլերի մասին:
Բանաձեւը կոչ է անում Մ.Ա.Կ.-ի անդամ երկրներին՝ ցեղասպանութիւնների կանխարգելման նպատակով ամրապնդել համագործակցութիւնը գործող մեխանիզմների շրջանակներում, ցեղասպանութիւնների վերաճելու հաւանականութիւն ունեցող մարդու իրաւունքների զանգուածային, լուրջ եւ պարբերական խախտումները կանխելու նպատակով:
Փաստաթուղթն ընդգծում է կրթութեան կարեւորութիւնը ցեղասպանութիւնների կանխարգելման գործում եւ կոչ է անում անդամ երկրների կառավարութիւններին համապատասխան կրթական ծրագրերի միջոցով նպաստել ցեղասպանութիւնների իրազեկմանը եւ դրանց միջոցով կանխարգելմանը:
Որպէս կանխարգելիչ միջոցառում բանաձեւը կոչ է անում Մ.Ա.Կ.-ի անդամ երկրների կառավարութիւններին սահմանել անցեալում կատարուած ցեղասպանութիւնների զոհերի յիշատակի ազգային օրեր` որպէսզի նման յանցագործութիւնները երբեք չմոռացուեն եւ բոլորը հնարաւորութիւն ունենան անցեալի դասերի հիման վրայ նպաստել առաւել ապահով ապագայի կերտմանը:
Բանաձեւով Մարդու իրաւունքների խորհուրդն առաջարկում է Մ.Ա.Կ.-ի Գլխաւոր Ասամբլէային դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ պատժման մասին կոնուենցիայի ընդունման օրը, սահմանել ցեղասպանութեան յանցագործութեան զոհերի յիշատակի օր:
Բանաձեւի համաձայն, նախատեսւում է նաեւ ցեղասպանութեան կանխարգելման հարցերով համակարգողների համաշխարհային ցանցի ստեղծում:
Յատկանշական է, որ Հայաստանի նախաձեռնութեամբ միջազգային այս կարեւոր բանաձեւն ընդունւում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախաշեմին: